Մեկն եկավ,
Թե՝
Աչքերդ տուր,
Կույր եմ ախր...
Փոխանակենք արի, ասաց
Երկու կաթիլ բղավոցի,
Երեք լուսնի
Ու մի քանի ժպիտի հետ...
Հիմար էի,
Ասցի՝ արի՜, ժլատ չե՜մ ես...
Ուրիշն եկավ,
Ասաց, խիղճդ կարո՞ղ ես տալ,
Հետ կբերեմ
Երեք օրից...
Փոխարենը՝ վերցրու, հագուստս ու հոգիս...
Դեհ, ի՞նչ արած
Ասացի, որ
Համաձայն եմ:
Անցավ կլոր երեք տարի
Հոգին ցնդեց, իսկ հագուստը մաշվեց - գնաց,
Նա հետ չեկավ...
Շատերն եկան ու գնացին,
Էլ ետ չեկան,
Կամաց - կամաց պակասեցի...
Ու մի պահ էլ
Զգացի, որ էլ
Չեմ ափսոսում...
Ու հիմա էլ
Խաչմերուկում կանգնել եմ, տե՛ս
Արի, վերցրու ինչ դեռ ունեմ,
Միանգամի՜ց...
Ուղիղ կես եմ եղել արդեն,
Քո կեսի հետ ինձ միացրու,
Մեկ էլ տեսար՝ դարձանք ԼՐԻՎ...
13.09.2010
No comments:
Post a Comment