2015-03-09

Սենյակս

Ասելիքներ կան, որ ասելու չեն,
Ու ափսոսանքներ՝ անթեղված, ցավոտ,
Որ երբեք այսուհետ վեր հանելու չեն,
Ու հին սխալներիս խեղդող փոշին
Լցնում է երբեմն մաքուր սենյակս,
Ուր վաղուց արդեն
Ժպիտն է իշխում՝ իր թաքուն ու անհրաժեշտ
Թախծի չափաբաժնով:
Իսկ ես՝ մի քիչ ծերացած,
 Մի քիչ ընդամենը...
 Սկսում եմ ընկերանալ
Իմ սխալների փոշուն,
Հին սխալների, որ օգնեցին ինձ
Գտնել:

2013-01-07

Հարցերս


Հարցերս լցվել են,
Ծփում են,
Պատասխաններ
Չկան...
Ինչ լուռ էր՝
Երգում է,
Ինչ ճիշտ էր՝
Էլ ծուռ է
Հիմա...
Երկինքը
Մի բուռ է...
Հարցերս լցվել են մատուռը,
Մատուռս
Ավերակ ու անդուռ է
Հիմա...

2012-07-02

հեռացա :)

լքում եմ այն ամենն
ինչ սիրեցի այդպես,
ամենն ինչ թանկ եղավ:
լքում եմ ու սուլում
իմ հին այն մեղեդին,
որ ես էի նորի՜ց,
ու ես էի կրկի՜ն
ու որ լուսաբացներ
իմ թիկունքում կային...

ինչ ծանոթ է կրակն
ու այս ձայները հին,
ինչ ծանոթ են խարույկն
ու իմ այս մեղեդին...

լքում եմ այս ամենն
ու ինձ վերադառնում,
թող լուռ լինի կրկին,
թող տաք լինի կրկին
ու թող նորից, նորի՜ց
ժպիտներս մատնեն
օրերս խենթացած,
սերերս խենթացնող...

ինչ չնչին են հիմա
հրդեհներն ընտանի...
սպասվում է ապագա՜
սպասվում են կատաղի
վազքեր տափաստանում
իմ երազի գայլի...

լքում եմ ես հիմա,
իմ եսերին բոլոր,
հեռանում եմ խելառ,
հեռանում մեղավոր
ուրիշների աչքում,
բայց և այնքան հանգիստ,
բայց և այնքան ուժեղ,
որ ժպիտս ահա
ցանկանում է պայթել...



2012-06-25

օրըս

քեզ
փափուկ բաներ ասելով
անցնում է օրըս,
դատարկությունը լցնում է օրվա իմ հետագիծը
ու երջանիկ եմ
երևի,
չիմանալով սպիտակն ու սևը,
գրոհելով,
իմ աղմուկը որոնելով
աղմուկների մեջ
կարևոր,
ու քո մեջ գտնելով աղմուկս
հարազատ ...


2012-06-12

...

Ինձ կորցրել եմ
Ու չգիտեմ ի՞նչ եմ անում այսքան հեռվում
Չեմ հասկանում, թե ինչի՞ց են
Ճամփաներս անվերջ կեռվում...
Իմաստներս՝ անէության հետ շաղախված
Չեմ հասկանում
Թե ինչու են իմ ուսերին
Այս աստիճան ծանր բեռվում...
Ես չգիտեմ, բոժոժվու՞մ եմ թե լուռ մեռնում..

2012-05-12

...

Ներս մի՛ թող ինձ
Երկինքդ...
Թե չէ՝ մեկ էլ տեսար
Ամպացա...

 Թե կուզես՝
 Կամացուկ,
 Շա՜տ կամաց անձրևիր.
_ Էլ չգա՜ս...

2012-02-29

Ժամանակը

Երբ Ժամանակը
Դանդաղ կբարձրացնի գլուխը
Հալված ձյունի տակից`
Դու քեզ կտեսնես՝ հեռու քո երազից...
Ու կարոտներդ
Lուռ կլցվեն ներկայիդ ծակոտիները.
Լայնացնելով դրանք,
Դարձնելով անդունդներ...

2012-01-11

մեռել եմ

չկամ մի տեսակ...
ես, որ սովոր եմ կրակի ցրտին
ու որ ձյուների բորբ տոթի մեջ եմ
ինքս ինձ գտել,
տարուբերվում եմ հիմա այն քամուց
որ առաջներում
չէի էլ զգա...
մրսում եմ ցրտից ու շոգում տապից...
ինչի՞ց է տեսնես,
գուցե մեռե՞լ եմ...

2011-12-05

ձյուն եմ ուզում

Ձմեռից ձյուն եմ ուզում
Ուզում եմ լռություն...
Աղմուկ կա իմ ներսում,
Էլի կարծես անքուն՝
Խռովել են ինձնից
Հաշտությունն ու հլուն:

Ձմեռից ձյուն եմ ուզում,
Որ սպիտակեն բոլոր
Բծերը իմ կյանքում...
Որ հավասար դառնան
Էս խորդուբորդ կյանքի
Գույները նեղ ու լայն...

Լռություն եմ ուզում:

2011-11-24

Ձյուն եկավ

Ձյուն եկավ...
Դու նստել սենյակումդ
Ու մանում ես ինձնից մնացած
Էն թելը,
Որ ասել էի՝ պահիր, կյանքս պիտի գործես:

Մանում ես ու երազում,
Թե՝ ո՞վ գիտե,
Մի օր դեռ կյանք ես գործելու էդ թելից...

Իսկ ձյունը գալիս ա
Իսկ ես հեռու եմ,
Ու մենք չենք քայլում էս ձյան տակ:

2011-11-11

11.11

Երբ արդեն
Եկել են բոլոր ձյուները,
Ժպտա՛
Ձնհալ պիտի սկսվի,
Ծնու՜նդ
Ձնծաղկի ու կյանքի,
Անվերջ գգվանքի ծնունդ, որ կտանի քեզ
Այնտեղ, ուր խառնվել են բարին ու չարը
Եվ Աստվածները մեկն են.
Լույս...

2011-10-25

կիսաքուն դոդիզմ

ուշ,
կուժ,
վարդած շուրթ,
թե կգաս՝
զարթնիր նոր,
դու քնած,
ես քնած,
էսպես ու՞ր:
համ,
ցավ,
ես կգամ,
քեզ, տես
չբանամ,
ուշ
շուտ
կժի տուտ,
մի նոր սուտ
չստանամ:

2011-09-14

Կիսատում

Մեկն եկավ,
Թե՝
Աչքերդ տուր,
Կույր եմ ախր...
Փոխանակենք արի, ասաց
Երկու կաթիլ բղավոցի,
Երեք լուսնի
Ու մի քանի ժպիտի հետ...
Հիմար էի,
Ասցի՝ արի՜, ժլատ չե՜մ ես...

Ուրիշն եկավ,
Ասաց, խիղճդ կարո՞ղ ես տալ,
Հետ կբերեմ
Երեք օրից...
Փոխարենը՝ վերցրու, հագուստս ու հոգիս...
Դեհ, ի՞նչ արած
Ասացի, որ
Համաձայն եմ:
Անցավ կլոր երեք տարի
Հոգին ցնդեց, իսկ հագուստը մաշվեց - գնաց,
Նա հետ չեկավ...

Շատերն եկան ու գնացին,
Էլ ետ չեկան,
Կամաց - կամաց պակասեցի...
Ու մի պահ էլ
Զգացի, որ էլ
Չեմ ափսոսում...

Ու հիմա էլ
Խաչմերուկում կանգնել եմ, տե՛ս
Արի, վերցրու ինչ դեռ ունեմ,
Միանգամի՜ց...
Ուղիղ կես եմ եղել արդեն,
Քո կեսի հետ ինձ միացրու,
Մեկ էլ տեսար՝ դարձանք ԼՐԻՎ...

                                                                                                                        13.09.2010 

Սեր

Ամպեցիր,
Սևացար,
Հիշեցիր, որ մի օր
Կանձրևես...

Գոռացիր
Տաքացար
Եռացիր մտքերից
Աներես...

Ու մի միտք,
Ու մի բառ,
Չպոկվեց քեզանից,
Չանձրևեց...

Մնացիր,
Ամպացար...
Խաղաղվեց...

***

Ո՞վ եմ քո կողքին
Երբ դու չգիտես
Թե ով ես ինձ հետ...
Ո՞վ եմ քո կողքին
Երբ երազներս դեռ գիշեր չեկած արթնացնում են ինձ,
Դառնալով առանցք
Էս հին ու խարխուլ ինքնամերժումիս...

Չգիտեմներիս շարանին տալով նոր երկարություն,
Ու լուսնածագից լուսնամայրամուտ
Աղոթք անելով,
Արտաշնչում եմ կարոտը ներսիս,
Փորձելով
Սիրուդ արևը շնչել...
Գուցե լավն է՞ս է.
Ապրել առանց քեզ,
Որ գնահատեմ
Լինելությունդ...

Կիսադատարկ

Կիսադատարկ
Պահարանում
Մի քանի ծալք կարոտ գտա,
Մեկը վերցրի,
Փաթաթեցի ասելիքս կարոտի մեջ
Ու այրեցի՝
Կյանքիս ի տես...

Կիսադատարկ
Պահարանում
Կարոտներս պակասեցին...

Տեսիլք…

Կտավ,
Գույներ,
Ներկերի հոտ
Ու մի սենյակ՝
Քրտնած ու տոթ...

Ու դու
Ու ես՝
Իրարու կես,
Իրար հոգու
Ե՛վ դուրս,
Ե՛վ ներս...

Անտառ
Ու լույս,
Ես՝ գիժ սատիր,
Դու՝ խենթացած
Անտառակույս...

Ու լուռ,
Ու հեզ,
Դու վեր...
Ես վեր...
Երազի պես...

Վերադարձիր

Սարսուռդ լու՜ռ,
Համառորեն
Տարածվում է մարմնիդ միջով
Որպես բաղեղ...
Լցնում ներկադ
Քո սարսափով
Ու նահանջում,
Կարծես երբեք չէր էլ եղել...

Շնչում ես լուռ,
Ծանր
Ու կեղծ...

Պարուրվել ես քո էության
Հակասությամբ
Ու դողում ես ցրտից ներսիդ...

Վերադարձիր ինքդ քո մեջ,
Դարձիր ամբողջ
Սոսնձվիր քեզ...

Վերադարձիր...

Անաղմուկ

Աղմուկի մեջ
Սիրելն այնքան
Հեշտ է լինում...

Մնա քեզ հետ,
Քո եթերում,
Քո լռության մութ խորքերում,
Հետո սիրիր,
Որ սիրելուց
Բան հասկանաս...

Լցրել ես դու
Լռությունդ իմ սեղանին,
Դարձրել ես քեզ վիրավորված իմ ինքնության
Ըսպեղանի...

Մնա քեզ հետ,
Մի տարածվիր,
Պետք չէ լցնել
Ինձ քո մտքով,
Կարիքը քո
Վաղու՜ց է ինչ
Չեմ ունեցել...

Այս աղմուկից
Հանիր դու քեզ
Հանիր դու ինձ...
Մնանք անՔեզ,
Մնանք անԻնձ,

Հոգնել եմ ես...

Սիրահար կատուն

Սիրահար կատուն
Կանգնել տանիքում,
Ու գայլի նման ոռնում էր լուսնին,
Լուսնին էր դիմում
Խառն ու հուսահատ,
Խեղճ ու անտեղի...
Խնդրում էր լուսնին չլինել դեղին:
Խելագար կատուն
Սիրում էր
Գայլին...