2012-07-02

հեռացա :)

լքում եմ այն ամենն
ինչ սիրեցի այդպես,
ամենն ինչ թանկ եղավ:
լքում եմ ու սուլում
իմ հին այն մեղեդին,
որ ես էի նորի՜ց,
ու ես էի կրկի՜ն
ու որ լուսաբացներ
իմ թիկունքում կային...

ինչ ծանոթ է կրակն
ու այս ձայները հին,
ինչ ծանոթ են խարույկն
ու իմ այս մեղեդին...

լքում եմ այս ամենն
ու ինձ վերադառնում,
թող լուռ լինի կրկին,
թող տաք լինի կրկին
ու թող նորից, նորի՜ց
ժպիտներս մատնեն
օրերս խենթացած,
սերերս խենթացնող...

ինչ չնչին են հիմա
հրդեհներն ընտանի...
սպասվում է ապագա՜
սպասվում են կատաղի
վազքեր տափաստանում
իմ երազի գայլի...

լքում եմ ես հիմա,
իմ եսերին բոլոր,
հեռանում եմ խելառ,
հեռանում մեղավոր
ուրիշների աչքում,
բայց և այնքան հանգիստ,
բայց և այնքան ուժեղ,
որ ժպիտս ահա
ցանկանում է պայթել...



2012-06-25

օրըս

քեզ
փափուկ բաներ ասելով
անցնում է օրըս,
դատարկությունը լցնում է օրվա իմ հետագիծը
ու երջանիկ եմ
երևի,
չիմանալով սպիտակն ու սևը,
գրոհելով,
իմ աղմուկը որոնելով
աղմուկների մեջ
կարևոր,
ու քո մեջ գտնելով աղմուկս
հարազատ ...


2012-06-12

...

Ինձ կորցրել եմ
Ու չգիտեմ ի՞նչ եմ անում այսքան հեռվում
Չեմ հասկանում, թե ինչի՞ց են
Ճամփաներս անվերջ կեռվում...
Իմաստներս՝ անէության հետ շաղախված
Չեմ հասկանում
Թե ինչու են իմ ուսերին
Այս աստիճան ծանր բեռվում...
Ես չգիտեմ, բոժոժվու՞մ եմ թե լուռ մեռնում..

2012-05-12

...

Ներս մի՛ թող ինձ
Երկինքդ...
Թե չէ՝ մեկ էլ տեսար
Ամպացա...

 Թե կուզես՝
 Կամացուկ,
 Շա՜տ կամաց անձրևիր.
_ Էլ չգա՜ս...

2012-02-29

Ժամանակը

Երբ Ժամանակը
Դանդաղ կբարձրացնի գլուխը
Հալված ձյունի տակից`
Դու քեզ կտեսնես՝ հեռու քո երազից...
Ու կարոտներդ
Lուռ կլցվեն ներկայիդ ծակոտիները.
Լայնացնելով դրանք,
Դարձնելով անդունդներ...

2012-01-11

մեռել եմ

չկամ մի տեսակ...
ես, որ սովոր եմ կրակի ցրտին
ու որ ձյուների բորբ տոթի մեջ եմ
ինքս ինձ գտել,
տարուբերվում եմ հիմա այն քամուց
որ առաջներում
չէի էլ զգա...
մրսում եմ ցրտից ու շոգում տապից...
ինչի՞ց է տեսնես,
գուցե մեռե՞լ եմ...