2011-09-14

Կիսատում

Մեկն եկավ,
Թե՝
Աչքերդ տուր,
Կույր եմ ախր...
Փոխանակենք արի, ասաց
Երկու կաթիլ բղավոցի,
Երեք լուսնի
Ու մի քանի ժպիտի հետ...
Հիմար էի,
Ասցի՝ արի՜, ժլատ չե՜մ ես...

Ուրիշն եկավ,
Ասաց, խիղճդ կարո՞ղ ես տալ,
Հետ կբերեմ
Երեք օրից...
Փոխարենը՝ վերցրու, հագուստս ու հոգիս...
Դեհ, ի՞նչ արած
Ասացի, որ
Համաձայն եմ:
Անցավ կլոր երեք տարի
Հոգին ցնդեց, իսկ հագուստը մաշվեց - գնաց,
Նա հետ չեկավ...

Շատերն եկան ու գնացին,
Էլ ետ չեկան,
Կամաց - կամաց պակասեցի...
Ու մի պահ էլ
Զգացի, որ էլ
Չեմ ափսոսում...

Ու հիմա էլ
Խաչմերուկում կանգնել եմ, տե՛ս
Արի, վերցրու ինչ դեռ ունեմ,
Միանգամի՜ց...
Ուղիղ կես եմ եղել արդեն,
Քո կեսի հետ ինձ միացրու,
Մեկ էլ տեսար՝ դարձանք ԼՐԻՎ...

                                                                                                                        13.09.2010 

Սեր

Ամպեցիր,
Սևացար,
Հիշեցիր, որ մի օր
Կանձրևես...

Գոռացիր
Տաքացար
Եռացիր մտքերից
Աներես...

Ու մի միտք,
Ու մի բառ,
Չպոկվեց քեզանից,
Չանձրևեց...

Մնացիր,
Ամպացար...
Խաղաղվեց...

***

Ո՞վ եմ քո կողքին
Երբ դու չգիտես
Թե ով ես ինձ հետ...
Ո՞վ եմ քո կողքին
Երբ երազներս դեռ գիշեր չեկած արթնացնում են ինձ,
Դառնալով առանցք
Էս հին ու խարխուլ ինքնամերժումիս...

Չգիտեմներիս շարանին տալով նոր երկարություն,
Ու լուսնածագից լուսնամայրամուտ
Աղոթք անելով,
Արտաշնչում եմ կարոտը ներսիս,
Փորձելով
Սիրուդ արևը շնչել...
Գուցե լավն է՞ս է.
Ապրել առանց քեզ,
Որ գնահատեմ
Լինելությունդ...

Կիսադատարկ

Կիսադատարկ
Պահարանում
Մի քանի ծալք կարոտ գտա,
Մեկը վերցրի,
Փաթաթեցի ասելիքս կարոտի մեջ
Ու այրեցի՝
Կյանքիս ի տես...

Կիսադատարկ
Պահարանում
Կարոտներս պակասեցին...

Տեսիլք…

Կտավ,
Գույներ,
Ներկերի հոտ
Ու մի սենյակ՝
Քրտնած ու տոթ...

Ու դու
Ու ես՝
Իրարու կես,
Իրար հոգու
Ե՛վ դուրս,
Ե՛վ ներս...

Անտառ
Ու լույս,
Ես՝ գիժ սատիր,
Դու՝ խենթացած
Անտառակույս...

Ու լուռ,
Ու հեզ,
Դու վեր...
Ես վեր...
Երազի պես...

Վերադարձիր

Սարսուռդ լու՜ռ,
Համառորեն
Տարածվում է մարմնիդ միջով
Որպես բաղեղ...
Լցնում ներկադ
Քո սարսափով
Ու նահանջում,
Կարծես երբեք չէր էլ եղել...

Շնչում ես լուռ,
Ծանր
Ու կեղծ...

Պարուրվել ես քո էության
Հակասությամբ
Ու դողում ես ցրտից ներսիդ...

Վերադարձիր ինքդ քո մեջ,
Դարձիր ամբողջ
Սոսնձվիր քեզ...

Վերադարձիր...

Անաղմուկ

Աղմուկի մեջ
Սիրելն այնքան
Հեշտ է լինում...

Մնա քեզ հետ,
Քո եթերում,
Քո լռության մութ խորքերում,
Հետո սիրիր,
Որ սիրելուց
Բան հասկանաս...

Լցրել ես դու
Լռությունդ իմ սեղանին,
Դարձրել ես քեզ վիրավորված իմ ինքնության
Ըսպեղանի...

Մնա քեզ հետ,
Մի տարածվիր,
Պետք չէ լցնել
Ինձ քո մտքով,
Կարիքը քո
Վաղու՜ց է ինչ
Չեմ ունեցել...

Այս աղմուկից
Հանիր դու քեզ
Հանիր դու ինձ...
Մնանք անՔեզ,
Մնանք անԻնձ,

Հոգնել եմ ես...

Սիրահար կատուն

Սիրահար կատուն
Կանգնել տանիքում,
Ու գայլի նման ոռնում էր լուսնին,
Լուսնին էր դիմում
Խառն ու հուսահատ,
Խեղճ ու անտեղի...
Խնդրում էր լուսնին չլինել դեղին:
Խելագար կատուն
Սիրում էր
Գայլին...

Դու գիտեիր...

Դու գիտեիր, որ անձրևս
Գիշերն է գալու,
Եվ անձրևիս ամպերն էիր ինձ նվիրում դեռ ցերեկով...
Ու կուտակում այնքան հմուտ, այնքան կոկիկ,
Որ ամպերից երազային ցող էր կաթում...
Դու գիտեիր,
Որ ցերեկս գիշերով լի,
Իսկ գիշերս կայծակներով լուսավորված...
Իսկ գիշերս` քո լույսերով կայծակնահար,
Անդամալույծ է լինելու...

Դու գիտեիր, որ ես արդեն
Ժպիտով եմ ընդունելու
Այն, որ չկամ...
Դու գիտեիր...

Չգիտեիր միայն մի բան...
Լոկ մի մանրուք,
Որ ամպաշատ իմ երկնքում
Արդեն վաղուց`
Տեղ էր բացված անձրևաբեր ամպիդ համար...

Ու մի փոքրիկ, մի շատ փոքրիկ հույս էր շողում...

Մի լքիր

Դու իմ ներսում
Իմ էության կրկնապատիկ...
Արմատներիս՝
Ջուր կենարար...

Ինձ լքելով՝
Ինձ թողնում ես մեր ընդհանուր
Թշնամու դեմ մեն - միայնակ,
Ինձ թողնում ես իմ իսկ Եսի ճիրաններում...

Ես իմ Եսից չունեմ ներում...

Քո ուղին

Դու խառնում ես թացը չորին,
Դու փախչում ես քո կյանքից,
Գիրկ ես բացում ամեն նորին,
Չես խուսափում տանջանքից...

Այն, ինչ քոնն է, դեն ես նետում,
Ցանկանալով ավելին,
Հոգուդ ամեն ճիչն ավետում
Քո ըստեղծած աշխարհին:

Թվում է քեզ, թե կարող ես,
Թվում է, թե կհասնես,
Սակայն ուղին քո աղոտ է
Ճամփեքդ` մութ ու անտես...

Չես հավատում քո աղոթքին,
Բայց ուզում ես, որ մաքրի...
Ի՞նչ ես դարձրել դու քո ուղին,
Ի՞նչ ես այսքան անհանգիստ...
                                                             10.11.2010

Գաղտնիք

Երբ կփնտրես ճամփաներում բոլոր ոլոր
Երբ կփնտրես աստղերի մեջ ու գետնի տակ
Երբ կփնտրես ամենուրեք ու չես գտնի,
Ներսդ նայիր, ու կգտնես այնտեղ հաստատ:

Առագաստ


Կա հեռվում մի խելառ առագաստ
Օրորվում է դանդաղ
Ու պարում այս գիշեր հնարած
Ծովի երգը խելառ:

Առագաստ, իմ հույսի, կարոտի
Խելագար դու վկա,
Դե՛ պարիր ու վերքս ամոքիր.
Իմ սերը էլ չկա...

Ու թվում է, թե ես եմ այդ նույն
Առագաստը խելառ.
Խենթանում եմ, լալիս ու պարում
Այս ծովում խելագար:

Առագաստ, իմ հույսի, կարոտի
Խելագար դու վկա,
Դե՛ պարիր ու վերքս ամոքիր.
Իմ սերը էլ չկա...

Աղոթք


Ես
Մոլորվել եմ
Ժամանակի մեջ...
Ներսս խարխուլ է,
Ներսս
Կարծես թե
Ինձնից հեռու է...

Ես
Մոլորվել եմ
Խեղդուկ, խենթացող
Իրականության
Ու իմ իսկ կյանքի
Ոլորաններում:

Անցյալիս հեռու
Հորատանցքերում
Հրդեհ եմ սարքել
Ու մոլորել եմ ինքս ինձ այնտեղ,
Որ էլ դուրս չգամ...

Հոգնած իմ շուրջը
Տիրող ամենից,
Ինչ ճիշտ է թվում`
Ես ջուր եմ ուզում,
Մի անարատ կում,
Եվ կրակի մեջ այդ ջուրն եմ փնտրում,
Սակայն` ապարդյուն...

Տե՛ր իմ,
Ընկե՛ր իմ,
Օգնիր ինձ չապրել,
Թե սա է կյանքը...
Օգնիր ինձ տխրել,
Թե այս ամենն է
Այնքան ցանկալի
Կյանքի բերկրանքը:

Աղոթքս քոնն է,
Զոհաբերում եմ
Մարմինս, հոգիս,
Ամենն ինչ ունեմ,
Ու փոխարենը
Մի բան եմ խնդրում`
Ինձ ջուր տուր մի կում...
                                                25.06.2010

Կարոտ

Մեկը երևի
Բացել է հիմա դռները իր տան,
Քեզ է սպասում
Եվ ուշի-ուշով հետևում է իր տան ճանապարհին.

Մեկը երևի
Կարոտել է քեզ,
Եվ չի նկատում,
Թե իր կարոտից ինչքա՛ն թաքնված արցունք է կաթում...

Մեկը երևի
Վերցրել է հիմա
Այն քո նվիրած
Վարդագույն վարդի չորացած թերթիկն ու բույր է մուրում...

Մեկը երևի
Մենակ է հիմա...

                                                                                                             08.06.2010

Մենախոսություն


Լինել... չլինել...
Լինել առանց քեզ...
Չլինել քեզ հետ...
Չլինել հոգուդ կայծակների մեջ,
Չլինել ինձ հետ...
Քեզ չսիրելով`
Ողջ տիեզերքում քեզ գերադասել,
Ու լքել նրանց, ովքեր սիրում են առանց սիրվելու...
Չլինել ոչինչ...
Դատարկ հույսերի դատարկված տոպրակ...
Խելագար վազքի ընթացքում դեմքիս
Մերթընդմերթ խփվող կաթիլների պես
Ես չեմ հասկանում, թե ու՟ր եմ ընկել,
Չեմ տեսնում էլ ինձ,
Չկա ոչ աշխարհն ու ոչ դու` կողքիս...
Ոչ մի տիեզերք ինձ չի պարուրում...
Ցնդել եմ:
Գիժ եմ:
Լացել եմ ուզում:
Չգիտեմ,
Հիմա ես ու՟ր եմ վազում...
Իմ տիեզերքում պայթյունի նման մի բան էր գվվում...
Խելագար եմ չէ՟...
Ձուլվել եմ քամուն
Ու հիմարի պես վազում եմ անդունդ...
Խելագար կյանքի խելագար ծնունդ...
Արթնանալ է պետք,
Սակայն չեմ կարող. արթուն եմ արդեն...
Ու գարուններս անէացել են...
Եվ իմ գարունը ես էլ չեմ տեսնում...
Կողակի՟ցս ես:
Է՟գս ես արդյոք
Ասա, գարունս որտե՟ղ ես պահել,
Կամ էլ ինձ լքիր
Ու գարունս ինձ կրկին կգտնի...
Լքիր ինձ...
Լքիր...
Լքիր ինձ...

Ներում


Ես ներում եմ քեզ,
Ներում եմ քեզ այն, որ չսիրեցի,
Որ դու չդարձար իմ լույսին հասու,
Որ ծիածանից իմ երազների՝ քեզ բաժին չեղավ,
Որ ծիծաղներդ իմ շուրթով չանցան,
Որ քո տոների վարդերը չքնաղ՝ իմ ձեռքով չեկան:
Ներում եմ ես քեզ,
Ներում եմ և այն,
Որ չլուսացրինք ոչ մի առավոտ մենք իրար գրկում,
Որ ոչ մի մանկիկ մեզ չհալեցրեց մեր իսկ անկողնում,
Ու մեր համբույրը ոչ մի լուսին էլ չօրհնեց իր օրում...
Ներում եմ ես քեզ ու օրհնում նաև,
Որ խենթությունդ միշտ ծիածանվի քո երկինքներում,
Որ չտառապես,
Որ լույսդ լինի ժպիտով լեցուն...
Որ... կարողանաս մի օր ինձ ներել այն բանի համար,
Որ կարողացա ներել քեզ հիմա...
Եվ, ով իմանա...
Գուցե մի օր էլ ես կարժանանամ
Իմ իսկ ներմանը...
                                                                              14.02.2008

***

Գիտեմ, որ խենթ եմ,
Որ խաղում եմ ես,
Ու խաղադրույքն իմ կյանքն է, որ կա,
Գիտեմ, սիրելիս,
Սակայն իմացիր,
Որ երազանքն է խաչելությունս,
Ու տառապանքը՝ երգերիս հունը...
Տես ինձ այնպիսին,
Ինչպիսին կուզես,
Կամ էլ ինչպիսին կամ իրականում,
Միայն մի լքիր... ես սիրում եմ քեզ...

Հայտարարություն


Հայտարարություն...
Սերս եմ կորցրել,
Կորցրել եմ ինձ,
Կորցրել եմ հոգիս...
Ու եթե գտնեք՝ շատ եմ խնդրում ձեզ – ինձ վերադարձրեք...
Նա ասում էր ինձ, թե ես չեմ սիրում,
Թե իմ հոգու մեջ էլ կրակ չկա,
Նա ասում էր ինձ, թե խաբել եմ ես,
Ու չէր հասկանում, չէր պատկերացնում,
Որ ես՝ Հզորս, ես՝ Ճշմարտացիս՝
Կորցրել եմ սիրտս, կորցրել եմ հոգիս,
Ու մոլորվել եմ իմ իսկ երազում,
Ու մոլորվել եմ իմ իսկ երգերում,
Ու ինձ չեմ գտնում...
Հայտարարությու´ն.
Ես խենթությունն եմ կորցրել հոգուս,
Կարմիր ու կապույտ, ծիածանագույն,
Երբեմն խորունկ, երբեմն էլ տափակ...
Կամ մի քիչ ցինիկ, կամ էլ ռոմանտիկ,
Միջին չափերի խենթություն էր այն՝
Մի քիչ հնացած, բայց շատ սիրելի,
Ու եթե գտնեք՝ շատ եմ խնդրում ձեզ – ինձ վերադարձրեք,
Ես տակ չեմ մնա. ես ձեզ կսիրեմ...
Իսկ նա ասում է, թե ես չեմ սիրում,
Թե չի երևում հուրը աչքերիս...
Թե իմ շուրթերի կրակից ավաղ
Նա էլ չի այրվում...
Նա չի հասկանում,
Որ իմ շուրթերի կրակը այն տաք – հիմա էլ չկա,
Կորցրել եմ այն, և թափառում եմ ես իմ երազում,
Ու երազներիս լաբիրինթոսում
Մի քիչ սարդոստայն ու մի քիչ կարոտ լոկ հայտնաբերում,
Եվ հետո՝ հոգնած ու հուսահատված,
Նստում եմ մի չոր քարի կտորի՝
Բորբոսնած, այրված, կոտրված սրտի,
Որ վաղուց արդեն ընկած է այնտեղ,
Ու չի աշխատում...
Իսկ իմ սիրելին ինձ չի հասկանում,
Նա չի օգնում ինձ,
Նա չի տեսնում ինձ...
Նա ինձ չի սիրում...
Հայտարարությու՛ն...
                                                      09.01.2008

Մենք...


Ես,
Դու,
Երկու...
Մենք դեռ երկու,
Բայց արդեն մեկ,
Մենք դեռ կիսատ,
Բայց Ամբողջից հեռու ենք լոկ մի համբույրով...
Մենք դեռ ծիլ ենք,
Բայց կծաղկենք,
Մենք մեզանով մեզ կհղկենք,
Կծառանանք
Ու կհասնենք երկինքներին
Մեր երազի...
Ես,
Դու,
Երկու...
Սակայն հոգիս ինձ հուշում է,
Որ մեր Մեկը դեռ կհառնի երազներից,
Կպարուրի հոգիները մեր կիսավառ
Ու կվառվի ամբողջական մի կրակով,
Մե´ր կրակով...
Ես...
Դու...
Երկու...
Ճակատագրի կամքին հլու
Դեռ կփայլենք կամարում մեր երկինքների,
Դեռ կսփռենք ծիածանվող անուրջները
Մեր սրտերի,
Մեր մտքերի,
Եվ կլինենք անհաղթելի...
                                                                27.12.2007

Հարց


Անզոր ճիչը կոկորդումս հասունանում,
Ու պատռում է երազներիս պատյանը նուրբ,
Նրա մասին մտածելն իսկ՝ մեղք է թվում,
Նա մաքուր էր, անբասիր էր, գուցեև՝ սուրբ...


Զգացածիս գույնն ու համը կհասկանա
Լոկ միայն նա, ով կկարդա հոգիս մի օր,
Ա՛խ, ո՞վ է նա... հրեշտա՞կ է, թե՞ սատանա,
Մինչ ե՞րբ պիտի փնտրեմ նրան մտամոլոր...
                                                                                                  14.12.2007

***


Քո առավոտը երեկոյիս մեջ
Դանդա՛ղ պարուրիր
Մշուշով լույսե,
Երազով բուրիր,
Հոգիս համբուրիր
Ու մի թող քնեմ ես ամբողջ գիշեր...
Նվիրիր ինձ սեր,
Նվիրիր հույզեր,
Որ ես խենթանամ իմ իսկ երազից...
Ա՜խ, կյա՛նք իմ, լու՛յս իմ,
Թույլ  տուր ինձ հալվել ձեռքիդ ափի մեջ,
Ու հետո...
Ըմպի՛ր կաթիլը սիրուս...
Թույլ տուր ինձ ձուլվել կրքիդ կրակին,
Ու մոխիր դարձած՝ փարվել քո կրծքին,
Թույլ տուր ինձ լինել քո ծաղկե շնչում,
Մերձենալ հոգուդ...
Ու անվերջ սիրել,
Անվերջ փայփայել մաշկդ մետաքսե,
Թույլ տուր քեզ սիրել...

Համբույր

Քո լույսից մի շող
Դու ինձ նվիրիր,
Ու մի ափսոսա,
Ու մի համարիր,
Թե ավելորդ են
Ճաճանչները քո...
Շուրթերդ մեղմիկ
Շուրթերիս հպիր...
Ու մի վախեցիր.
Համբույրից ոչ-ոք
Դեռ չի մահացել...
Քո սիրտը` սրտիս,
Քո լույսը` լույսիս,
Համբերությունդ՝ համբերությանս
Նվիրաբերիր...
Ու մի հեռացիր...
Մի թող ինձ մենակ այս աշխարհի հետ,
Երբեք մի լքիր...

Աշուն


Ամպերը ելել շալակը սարի՝
Մշուշ են հյուսում,
Ու լույսը իրեն պարուրող ցրտից
Ճչալ է ուզում:


Դեղին, տերևե մայթերն անկանոն
Փռվել են ճամփին,
Իրար են փարվել թախիծ ու կարոտ.
Աշուն է: Կրկին:

Թախիծ


Քո աչքերում թաքուն թախիծ նկատեցի,
Ու թախիծն այդ գաղտագողի սիրտս մտավ,
Ու իմ սերը քո թախիծին ես ձուլեցի,
Սակայն ավա՜ղ, քո թախիծը սեր չդարձավ...

Քո շուրթերի կիսաբացից...

Քո շուրթերի կիսաբացից
Իմ աշխարհն է կյանքով լցվել,
Քո շուրթերի կիսաբացից
Իմ խենթ սիրո արշալույսն է կրկին բոցվել:
Կարծես հավերժ քեզ եմ սիրել,
Կարծես ամեն համբույրիս մեջ քեզ եմ փնտրել,
Քեզ եմ գգվել կարծես ամեն իմ սիրո հետ...
Չեմ հասկանում, թե այս ի՞նչ է ինձ հետ եղել,
Թե ինչու՞ են իմ կործանվող  հոգու բոլոր երկինքները բոցավառվել,
Թե ինչու՞ է ամեն անգամ քեզ տեսնելիս իմ մարմինը տենդում այնպես,
Կարծես հիմա սիրտս պիտի ինձնից խլես...
Ինչի՞ս էր պետք նորից այսպես խելագարվել,
Քո շուրթերի կիսաբացից...
Քո շուրթերի կիսաբացում
Ինձ համար մի նոր համբույրի երազ վառել,
Քո շուրթերի կիսաբացով այսպես գերվել,
Այսպես տարվել...
Այսպես անհույս ու անճամփա
Սիրահարվել...
                                                                                                          30.11.07

Խառն եմ

Խառն եմ, Սիրելի՛ս...
Խառն է աշխարհը...
Ամեն բան գժվել,
Դարձել է դառը...
Չգիտեմ` ինչու՞,
Չգիտեմ ու՞մ հետ
Չգիտեմ թե ե՞րբ, ո՞ր գերեզմանում
Թաղեցի նախկին եսերս բոլոր
Ու հիմա այսպես կանգնել եմ մենակ... մերկ... խելագարված
Եվ հիմարի պես մերկությունս եմ քողարկում վերջին
Ճմրթված եսով...
Որտե՞ղ եմ, ո՞վ եմ...
Ինչու՞ եմ ապրում...
Քանի՞ անգամ եմ այսպես մեռնելու...
Մերկ, ու խելագար`
Աշխարհի նման:
Խառն եմ, Սիրելիս...
Նույնիսկ սիրելի՛ս...
Ամառս ասես գարուն է դարձել...
Իսկ գարուններս կորել են, չկա՛ն...
Ասես սպանել եմ...
Գուցե սպանե՞լ եմ, չգիտեմ... չկամ...
Բուք է ամենուր,
Ամենուր ավեր, փոթորիկ, աղմուկ,
Վե՞րջ...
Այսքա՞նն էր, հա՞
Իսկ դու՞
Չե՞ս թափի մի կաթիլ արցունք
Մեր չծնվելիք փոքրիկի վրա...
Գժվում եմ գուցե...
Կամ էլ էլ չկա՞մ...
Խնդրու՛մ եմ, արի,
Գտիր ինձ իմ մեջ...
Հանիր քաոսից իմ միայնության:
Հանիր ու թույլ տուր աչքերիդ նայել առանց ամոթի
Թույլ տուր ձեռքերիս
Ձուլվել քո մարմնի ամեն մի կետին...
Խառն եմ, Սիրելի՛ս...
Նույնիսկ գժվելիս...